Հայ հրուշակագործները պատրաստել են մոտ 4,5 տոննա քաշ ունեցող աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը

11.09.2010, 14:38
Հայ հրուշակագործները պատրաստել են մոտ 4,5 տոննա քաշ ունեցող աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը
Հայ հրուշակագործները պատրաստել են մոտ 4,5 տոննա քաշ ունեցող աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը

«Grand Candy» հրուշակեղենի հայկական ֆաբրիկան Գինեսի գրքի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ պատրաստելով 4,41 տոննա քաշ ունեցող աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը:

Ռեկորդը գրանցվել է շաբաթ օրը Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչի մասնակցությամբ: Շոկոլադե սալիկն ունի 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն:

«Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկի պատրաստումը նվիրված է Grand Candy ընկերության 10-ամյակին, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «հսկա կոնֆետ», և ընկերության հոբելյանի օրը՝ հոկտեմբերի 16-ին, Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի ընթացքում սալիկը կբաժանվի բոլոր ցանկացողներին», - լրագրողներին ասաց Grand Candy ընկերության սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ ելնելով մեկ հոգու կողմից շոկոլադի օգտագործման միջին ծավալի հաշվարկից՝ մեկ մարդը կկարողանա ուտել այս սալիկը 450 տարվա ընթացքում:

Վարդանյանը տեղեկացրեց, որ սալիկի վրա ընկերությունը մի քանի միլիոն դրամ է ծախսել: 30-40 մարդ է աշխատել սալիկի պատրաստման համար՝ սկսած կոնստրուկտորներից մինչև տեխնոլոգները:

Ռեկորդակիր-սալիկը պատրաստվել է չորս օրվա ընթացքում ստեղծված հատուկ ձևով, այն պարունակում է բնական բաղադրամասեր և ըստ բաղադրատոմսի՝ համապատասխանում է սովորական 70 տոկոսանոց դառը շոկոլադին: Սալիկի պատրաստման համար նախատեսված հումքը ներկրվել է Գանայից (Աֆրիկա):

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Էիլսաբեթ Սմիթի խոսքերով՝ վերջին երեք տարվա ընթացքում սա առաջին հայտն է, որը ներկայացվել է այս կատեգորիայում:

Նմանատիպ նախորդ ռեկորդը գրանցվել էր Իտալիայում 2007 թ.-ին, երբ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր 3,58 տոննա ունեցող շոկոլադե սալիկը:

«Ես առաջին անգամ են Հայաստանում և շատ տպավորված եմ այս միջոցառումով: Սա ապշեցուցիչ ռեկորդ է, ես առաջին անգամ եմ շոկոլադե սալիկի ռեկորդ գրանցում, և քանի որ շոկոլադ շատ եմ սիրում, ինձ համար սա կրկնակի հաճույք է», - ասաց Սմիթը:

«Grand Candy» ընկերությունն արդեն ամենամեծ պաղպաղակի և ամենամեծ թխվածքաբլիթի արտադրության առաջարկ է ստացել:

«Grand Candy» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ին՝ Երևանի հրուշակեղենի և մակարոնեղենի ֆաբրիկայի հիման վրա, որը գործարկվել է 1993 թ.-ի: Ընկերությունը Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից է, ինչպես նաև Անդրկովկասի միակ ձեռնարկությունն է, որը զբաղվում է կակաոյի հատիկների վերամշակմամբ:-0-