Երևանում հաջորդ տարի կանցկացվի Միջազգային եվրոպական շարժման համաժողովը

08.09.2010, 11:00
Երևանում հաջորդ տարի կանցկացվի Միջազգային եվրոպական շարժման համաժողովը
Երևանում հաջորդ տարի կանցկացվի Միջազգային եվրոպական շարժման համաժողովը

Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը երեքշաբթի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Երևանում հաջորդ տարի շարժման համաժողով անցկացնելու մտադրության մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Նոթոմը հայցել է Հայաստանի իշխանությունների աջակցությունը համաժողովի կազմակերպման հարցում:  

Նալբանդյանն իր հերթին բարձր է գնահատել Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման և միասնական Եվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթացքում արժեքավոր և լուրջ փորձ է կուտակել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների և ԵՄ միջև համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և դրանց լուծման ուղիներին:

«Եվրոպական շարժումը» բազմակուսակցական, քաղաքական և մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հասարակական կազմակերպություն է: Շարժումը հիմադրվել  է 1948 թ. Հաագայում, հանդես է գալիս որպես եվրոպամետ հասարակական կազմակերպությունների հարթակ:

Սկզբնական շրջանում շարժումը եղել է շատ ազդեցիկ կառույց, որի նախագահներ են եղել Ռոբերտ Շումանը, Վալտեր Հալշտայնը, Վալերի Ժիսկար դ’Էստենը, Մարիո Սոարեշը և այլ ակնառու եվրոպական քաղաքական գործիչներ:

Ներկայիս նախագահը Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Փաթ Քոկսն է: -0-