ՀՀ նախագահը շնորհավորել է դպրոցական օլիմպիադաների հաղթողներին և մեդալակիրներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին ուսման մեջ ունեցած ապշեցուցիչ արդյունքների կապակցությամբ՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ:
«Հաճույքով ողջունում եմ բոլորիդ Նախագահի նստավայրում: Ինչպես նախկինում խոստացել էի, մենք պարբերաբար Նախագահի նստավայր ենք հրավիրում բոլոր այն երեխաներին, երիտասարդներին` պատանիներին ու աղջիկներին, ովքեր լավագույն հատկանիշներով առանձնացել են իրենց հասակակիցներից», - ասել է Սարգսյանը երեխաների հետ հանդիպման ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
ՀՀ նախագահը շնորհավորել է բոլորին հաջողության կապակցությամբ և երախտագիտություն է հայտնել հայրենասիրության համար, քանի որ նրա խոսքերով՝ գիտելիք ունենալը, լավ սովորելը, իրոք, հայրենասիրություն է: «Յուրաքանչյուր մարդ գիտելիք է ստանում իր համար, բայց այդ գիտելիքն օգտագործում է նաև հանուն հայրենիքի, հասարակության»:
«Դուք մեր հպարտությունն եք, և առանց ձեզ, առանց ձեր նմանների անհնար է ունենալ ամուր պետություն և լավ հասարակություն: Գոնե այնպիսի պետություն և հասարակություն, ինչպիսին մենք ցանկանում ենք ունենալ», - նշել է ՀՀ նախագահը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մեդալակիրներին՝ համարելով այն իրենց առաջին լուրջ հաջողությունը կյանքում և համոզմունք հայտնելով, որ նրանցից յուրաքանչյուրն անպայման տրամադրված է զարգացնելու այդ հաջողությունը:
«Վստահ եմ, որ դուք, ընդունվելով բարձրագույն ուսումնական հաստատություններ, ավելի համառորեն եք շարունակելու գիտելիքի ոլորտում ձեր առաջընթացը: Դուք հասուն կյանք եք մտնում գիտելիքի լուրջ պաշարով, ինչն, իհարկե, մեծ առավելություն է, և կարծում եմ, որ տրամադրված պետք է լինեք ձեր նկատմամբ առանձնակի վերաբերմունքի, քանի որ ում շատ է տրված` նրանից ավելի շատ է պահանջվում, և դուք դրանից չպետք է նեղսրտեք, այլ պետք է ընդունեք դա որպես իրողություն», - նշել է նախագահը:
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել այն երիտասարդներին, ովքեր միջազգային օլիմպիադաներում կարողացել են Հայաստանի վարկը բարձր պահել:
«Միջազգային բոլոր մրցություններում, ստուգատեսներում, իհարկե, շատ դժվար է միեւնույն ժամանակ պատվաբեր հաջողություն ունենալ, հաղթել, դառնալ մրցանակակիր: Մեր պարագայում, դա կրկնակի գնահատելի է, որովհետեւ մենք և բնակչության քանակով, և այլ ռեսուրսներով, անշուշտ, ամենամեծն ու հարուստը չենք աշխարհում: Բայց սա նշանակում է, որ մեր երկրում կա լավ սերունդ, որ մենք ունենք փայլուն աշակերտներ, փայլուն ուսուցիչներ: Եվ չնայած այն հանգամանքին, որ հանրակրթության բնագավառում բազմաթիվ խնդիրներ ունենք, այդուհանդերձ, ունենք նաև լավ արդյունքներ», - ավելացրել է Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը պատվով կարող է շարունակել իր նախորդների, ինչու չէ` նաև նախնիների մեծ գործը:
Միաժամանակ նախագահն առանձնահատուկ նշել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթում հաղթանակ տարած երեխաներին:-0-