ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է թունելում հրդեհի հետևանքով զոհվածների և տուժածների անունները

27.08.2010, 14:42
ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է թունելում հրդեհի հետևանքով զոհվածների և տուժածների անունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է նախօրեին Սևան-Դիլիջան թունելում հրդեհի արդյունքում զոհվածների և տուժածների անունները։

Նախօրեին օրվա երկրորդ կեսին ԱԻՆ ահազանգ է ստացվել այն մասին, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելում այրվում է «ԿՎԶ» մակնիշի ավտոբուս:

Ինչպես նշվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ, հրդեհի հետևանքով ավտոբուսի ուղևորներ` 1982 թ. ծնված Քրիստինե Վանյանը և 2009 թ. ծնված Սուրիկ Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ վարորդ` 1971 թ. ծնված Գարիկ Մկրտչյանը, ուղևորներ` 1962 թ. ծնված Կամո Շաբոյանը և 1973 թ. ծնված Նունե Աղաբեկյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Տուժածներին  տեղափոխել են Դիլիջանի հիվանդանոց, այնուհետև` Երևանի Ճառագայթային  բժշկության և այրվածքների գիտահետազոտական կենտրոն:

Ըստ բժիշկների` Ն. Աղաբեկյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Գ. Մկրտչյանի ու Կ. Շաբոյանի վիճակները` միջին ծանրության:

Մի քանի ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ թունելից, իսկ զոհվածները նրա կինն ու մի տարեկան որդին են։

Հրդեհի հետևանքով փակված Սևան-Դիլիջան մայրուղու վրա գտնվող թունելում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է նախօրեին։ -0-