Ադրբեջանը կարող է С-300 համակարգ ձեռք բերել Ուկրաինայում կամ ՀԱՀ-ում. քաղաքագետ
Եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանին С-300 զենիթահրթիռային համակարգեր վաճառել, ապա Բաքուն այդ դեպքում կարող է դրանք ձեռք բերել Ուկրաինայում կամ ՀԱՀ-ում, կարծում է «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Ռոսոբորոնէքսպորտն իբր պայմանագիր են կնքել Ադրբեջանին «Ֆավորիտ» С-300 ПМУ-2 երկու համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Ավելի ուշ Ռոսոբորոնէքսպորտը հերքել է այդ տեղեկատվությունը։
Փորձագետի խոսքերով, Ադրբեջանին համակարգերի մատակարարման վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տեղեկատվության դիտավորյալ արտահոսք լինել, որի նպատակը հնարավոր արձագանքի ստուգումն է։
Միաժամանակ նա ավելացրեց, որ առայժմ հստակ պաշտոնական հերքում չի ստացվել Մոսկվայի կողմից։ Փորձագետը կարծում է, որ պաշտոնական Երևանը նույնպես առայժմ որևէ կերպ չի արձագանքել այդ տեղեկատվությանը։
С-300 միջին շառավղի զենիթահրթիռային համակարգերը նախատեսված են արդյունաբերական և վարչական օբյեկտների, ռազմաբազաների և կառավարման կետերի հակաօդային պաշտպանության համար։ Նշանակետի հեռահարությունը՝ մինչև 150 կմ։ -0-