Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը (Michael Spindelegger) ցանկանում է հնարավորին չափ ամբողջական պատկեր ստանալ ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին:
«Ես եկել եմ այստեղ, որպեսզի լսեմ նաև հայկական կողմին, քանի որ հետաքրքիր է լսել բոլոր կողմերին և դիրքորոշումները», - ասաց նա ուրբաթ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ Շպինդելեգերը չմեկնաբանեց նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի արած հայտարարությունը, որում Հայաստանի և Ղարաբաղի հասցեին պատերազմի սպառնալիքներ են հնչում:
«Ես չեմ եկել այստեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը լուծելու համար: Դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ես կարծում եմ, որ առաջարկները պետք է արվեն այդ մակարդակի վրա», - ընդգծեց նա:
Ադրբեջանում Ավստրիայի Անդրկովկասում առաջին դիվանագիտական ներկայացուցչության բացումը Շպինդելեգերը հիմնավորեց Nabucco նախագծով Ավստրիայի շահագրգռվածությամբ:
«Ինձնից առաջ այս պաշտոնը զբաղեցնողն ասում էր, որ Անդրկովկասի բոլոր երեք պետություններում պետք է ներկայացուցչություններ լինեն, սակայն ես այժմ Անդրկովկասի բոլոր երկրներում դեսպանատների բացման հնարավորություն չեմ տեսնում: Սակայն ծրագրերը ուժի մեջ են», - ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ դեռևս ոչ բոլոր երկրներն են հաղթահարել ճգնաժամը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-