Հունիսի 22-ի նախօրեին ռուս և խորհրդային զինվորների հիշատակն են հարգել Հայաստանում

21.06.2010, 11:27
Հունիսի 22-ի նախօրեին ռուս և խորհրդային զինվորների հիշատակն են հարգել Հայաստանում
Հունիսի 22-ի նախօրեին ռուս և խորհրդային զինվորների հիշատակն են հարգել Հայաստանում

Հայաստանի ռուսական համայնքի, հանրապետությունում բնակվող ազգային համայնքների, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները կիրակի հարգել են ռուս և խորհրդային զինվորների հիշատակը տխուր տարելիցի՝ հունիսի 22-ի նախօրեին: Հունիսի 22-ին սկսվել է Հայրենական մեծ պատերազմը:

Ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Վանաձորի և Դիլիջանի հիվանդանոցներում և հոսպիտալներում մահացած հերոսների գերեզմաններին:

Միջոցառման առաջին կետը կոմս Իոսիֆ Մոնտրեզորի հրամանատարությամբ ծառայած 114 ռուս մարտիկների հուշահամալիր այցելություններ էր: Ռուս մարտիկները հերոսաբար զոհվել են օգոստոսի 21-ին Վանաձոր քաղաքից 8 կմ հեռավորության վրա պարսկական վեց հազարանոց բանակի դեմ մղած  ճակատամարտում:

Վանաձորում միջոցառման մասնակիցներն այցելել են Սուրբ Աստվածածնի ռուսական եկեղեցին: Այն կառուցվել է կազակների կողմից XIX դարի վերջին փայտե եկեղեցու տեղում և վերաօծվել է 1993 թ.-ին:

Այնուհետև ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել հայկական հոսպիտալներում մահացած Հայրենական մեծ պատերազմի՝ տարբեր ազգության, այդ թվում նաև ադրբեջանցի հերոսների գերեզմաններին:

Ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի ղեկավար Իվան Սեմյոնովի խոսքերով՝ հունիսի 22-ը մտել է ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների պատմության մեջ՝ որպես ամենատխուր օր: «Այն 20-րդ դարում մարդկության ամենասարսափելի ողբերգության սկիզբն է: Այս պատերազմում շատ մարդ է զոհվել, այդ պատճառով մենք չենք կարող մոռանալ այս օրը», - ասել է Սեմյոնովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Նրա խոսքերով՝ հինգերորդ տարին անընդմեջ նման միջոցառում է կազմակերպվում: Հիմնադրամի ջանքերով, և Մոսկվայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ բարեկարգվել են Դիլիջանում գտնվող խորհրդային զինվորների գերեզմանները, քանդվող բետոնե տապանաքարերի փոխարեն տեղադրվել են բազալտե տապանաքարեր, վերանորոգվել է քաղաքում գտնվող Հարավային Կովկասում ամենամեծ խորհրդային մարտիկներին նվիրված հուշարձանը: Այս ամենին աջակցել են Դիլիջանի բնակիչներն ու Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Սեմյոնովը նշել է, որ խորհրդային զինվորների հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ամենատարբեր համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում նաև գերմանացիներ, ուկրաինացիներ, վրացիներ:

Նա երախտագիտություն է հայտնել ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին՝ միջոցառմանը մասնակցելու համար:

Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարը Վիկտոր Կրիվոպուսկովը նշել է, որ նման միջոցառմանը մասնակցելը պարտք է:

«Այս պատերազմը Հայրենական էր բոլոր ժողովուրդների համար: Ավելին, հայերի համար այն սրբազան պատերազմ էր, Լենինգրադի, Մոսկվայի, Ստալինգրադի համար մղվող ճակատամարտերը ճակատամարտեր էին նաև Հայաստանի համար, քանի որ ամեն ոք պետք է իմանա և հիշի, որ Հայաստանի սահմանին գտնվում էին Խորհրդային Միության տարածք, այդ թվում նաև՝ Հայաստանի տարածք ներխուժմանը պատրաստ ֆաշիստական Գերմանիայի (Թուրքիայի - «Նովոստի-Արմենիա»)   27 դիվիզիաներ», - ասել է Կրիվոպուսկովը:

«Այդ պատճառով այս օրը հիշատակի և վշտի օր է, մեր ընդհանուր օրը, և մենք եկել եք այստեղ գլուխ խոնարհելու Հայրենական պատերազմի հերոսների հիշատակի առջև», - ավելացրել է նա:-0-