ՀՀ նախագահը մեծ ներուժ է տեսնում Ավստիայի հետ հարաբերությունների զարգացման համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունելով ՀՀ-ում Ավստրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխաել Փոսթլիի հավատարմագրերը, հայտնեց, որ երկկողմանի հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժ կա, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ կապերը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ դեսպանը կարևոր ներդրում կունենա այդ գործում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախագահը նաև նշեց, որ համագործակցության առկա մեծ ներուժը հնարավոր է լավագույնս իրացնել երկկողմ և Եվրամիության ծրագրերի շրջանակներում:
Դեսպանը տեղեկացրել է, որ Ավստրիայի արտգործնախարարի` առաջիկայում Հայաստան կատարելիք այցը նպատակ ունի նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր, հատկապես տնտեսության և մշակույթի ոլորտներում:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Փոսթլը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացների շուրջ:
Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ խնդրում` նշելով, որ այն ինքնին լավ աջակցություն է բանակցող կողմերին:
Դեսպան Փոսթլը վերահաստատել է Ավստրիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին ոչ միայն եվրաինտեգրման, այլև Լեռնային Ղարաբաղի խնդրի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում:-0-