Ամառային արձակուրդներից առաջ ՀՀ ԱԺ վերջին նստաշրջանը բացվել է երկուշաբթի երկրում օտարալեզու կրթության ներդրումը նախատեսող օրինագծի դեմ ակցիայի ուղեկցությամբ:
«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը նախատեսում է Հայատանի դպրոցներում օտարալեզու կրթության ներդրում՝ բուհերում գործող նմանատիպ համակարգի հիման վրա: Փոփոխությունները հասարակական լայն արձագանք ստացան երկրում: Օրինագիծը սկսել է անցնել խորհրդարանական ընթացակարգերը, ներառվել է մայիսի 17-20-ը կայացած ՀՀ ԱԺ օրակարգում, սակայն օրինագծի շուրջ որոշում չի ընդունվել: Այժմ օրինագիծը կրկին ներառվել է հունիսի 7-10 կայանալիք նիստերի օրակարգում:
Բողոքի ակցիայի մասնակիցները «Ոչ օտարալեզու կրթությանը», «Պահանջում ենք Աշոտյանի հրաժարականը» պաստառներով հավաքվել էին կառավարության շենքի մուտքի առջև, որտեղ խորհրդարանում ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես նիստեր են անցկացնում ՀՀ ԱԺ պատգամավորները: Բողոքողները, որոնց միացել է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, այն կարծիքին են, որ Հայաստանում օտարալեզու կրթության ներդրումը կվնասի ազգային անվտանգությանը և երկրի շահերին: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ օտարալեզու դպրոցների աշակերտները չեն իմանա մայրենի լեզուն, գրականությունն ու պատմությունը:
Բողոքողները տարածել են նաև իրենց առաջարկները, ըստ որոնց՝ առաջարկվում է հետ կանչել օրինագիծը և կրթության հարցերի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնել:
Հավաքվածների առաջարկները փորձել է լսել Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն բողոքողները մեղադրել են նրան Հայրենիքի դավաճանության և Գարեգին Նժդեհի գաղափարներից նահանջելու մեջ:
Այժմ օտարալեզու կրթության ներդրման մասին օրինագծի քննարկման ժամկետներն անհայտ են, քանի որ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հոր մահվան պատճառով ժամանակավորապես չի մասնակցում ՀՀ ԱԺ աշխատանքներին:
Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է ավելի քան 1,45 հազար հանրակրթական դպրոց: Դրանց թվում է նաև երկու ռուսական դպրոց, սակայն այնտեղ կարող են ուսանել միայն Ռուսաստանի քաղաքացիներն ու ծագումով ոչ հայերը:-0-