Հայաստանը պետք է նախապայմաններ առաջադրի Թուրքիայի հետ հարաբերությունների նոր փուլում. ՍԻՄ

04.06.2010, 16:24
Հայաստանը պետք է նախապայմաններ առաջադրի Թուրքիայի հետ հարաբերությունների նոր փուլում. ՍԻՄ

Հայաստանը պետք է նախապայմաններ առաջադրի Թուրքիայի հետ հարաբերությունների նոր փուլում, կարծում է «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

«Նոր փուլում Հայաստանը պետք է հանդես գա նախապայմաններով՝ ցեղասպանության ճանաչում, դրա հետևանքների վերացում, փոխհատուցման վճարում, Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանություն, Հայաստանի բռնազավթած տարածքների ազատում»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Բաբուխանյանը։

Ըստ նրա՝ Թուրքիան բաց թողեց Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման «ոսկե հնարավորությունն» իր պրիմիտիվ քաղաքականության և ադրբեջանական շանտաժի պատճառով։
 
«Հայ-թուրքական գործընթացը սառեցված կմնա այնքան, և դա հասկանում են ԱՄՆ-ն և Ռուսաստանը, մինչև որ Թուրքիայում տեղի չունենա իշխանափոխություն և այդ երկիրը չվերադառնա ԱՄՆ-ի ուղեծրին և չկատարի Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ պահանջը»,- ասաց Բաբուխանյանը՝ նշելով, որ իշխանափոխությունից հետո Թուրքիայի նախկին քաղաքականությունը կվերադառնա իր հուն։

Ըստ նրա՝ Հայաստանի նախագահի ճիշտ ակտիվ քաղաքականությունն ապացուցեց ողջ աշխարհին, որ Թուրքիան լուրջ գործընկեր չէ։

Միաժամանակ, քաղաքական գործիչը Հայաստանի հետ հարաբերություններում և արաբաիսրայելական հակամարտության հարցում Թուրքիային մեղադրեց երկակի ստանդարտների մեջ։ «Գազայի հատվածի շրջափակման մասին խոսում է Հայաստանն արգելափակող Թուրքիան։ Օկուպացման մասին խոսում է մի երկիր, որն ինքն է բռնազավթել Կիպրոսի մի մասը և ոչնչացրել քրդերին»,- ասաց Բաբուխանյանն՝ ավելացնելով, որ Եվրոպան և ՄԱԿ-ը ընկնում են թուրքական այս խաղերի «ծուղակը» և իրենք էլ հենց առաջնորդվում են երկակի ստանդարտներով։ —0—