ՀՀ վարչապետն այցելել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես

01.06.2010, 15:16
ՀՀ վարչապետն այցելել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի այցելել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ժողովրդական ստեղծագործության ցուցահանդես:

«Մենք կարևորություն ենք տալիս նման միջոցառումներին և միշտ պատրաստ ենք աջակցել նման նախաձեռնություններին»,- Ժողովրդական արվեստի թանգարանում իր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց կառավարության ղեկավարը:

Իր հերթին Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Անահիտ Մխիթարյանը հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի և «ԱրմենՏել»  հեռահաղորդակցական ընկերության աջակցությամբ:

«Ցուցադրությունում ներկայացված է շուրջ 20 ինքնուս նկարիչների աշխատանք: Մենք հուսով ենք, որ այսօրվա միջոցառումն իր տեսակի մեջ վերջինը չի լինի»,- նշեց Մխիթարյանը՝ հայտնելով, որ նման ցուցահանդես վերջին անգամ անցկացվել է 1992թ.-ին:

Ցուցահանդեսը 10 օր կտևի, այնտեղ ներկայացված են նկարներ, քանդակներ, գորգեր,  տարազ, կերամիկա: -0-