Հայաստանն ու Ադրբեջանը բոլոր ոլորտներում կարող են վերականգնել համագործակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո. Աբասով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը բոլոր ոլորտներում կարող են վերականգնել համագործակցությունը, հինգշաբթի Երևանում ասաց Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովը:
Ադրբեջանական պատվիրակությունը՝ գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովի գլխավորությամբ, գտնվում է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության 27-րդ տարածաշրջանային խորհրդաժողովին մասնակցելու համար:
«Եթե ամեն ինչ հաջող լինի, եթե հողերն ազատվեն, եթե հարաբերությունները լինեն ինչպես նախկինում էին, ապա կարծում եմ, որ կարելի է համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց Աբասովը:
Հայաստանում ադրբեջանական ապրանքի հնարավոր մատակարարումների թվում նա նշեց մեծ թվով գյուղատնտեսական ապրանքներ, մասնավորապես, ըստ նրա, Ադրբեջանը խորհրդային շրջանում Հայաստանին մրգերով, բանջարեղեններով և բուսաբուծության զանազան ապրանքներով է ապահովել, և կարող է կրկին կարգավորել տվյալ ապրանքի մատակարարումները:
Նախարարը նաև նշեց, որ եթե ղարաբաղյան հակամարտության հարցը չլուծվի, ապա երկրների միջև ոչ մի հարաբերություն չի կարող լինել:
«Դեռ վաղ է խոսել համագործակցության հեռանկարների մասին, քանի որ մեր պետությունների միջև խնդիր կա, որն արդեն երկար տարիներ չի լուծվում»,- ասաց Աբասովը՝հիշեցնելով, որ նախօրեին հրադադարի հաստատման 16-ամյակն է եղել:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0