Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացը կարող է խթան հանդիսանալ հայ-թուրքական գործընթացի վերսկսման համար, կարծում է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է իր ստորագրությունները փաստաթղթերի տակ։ Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում։
«Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին ձեռնտու առաջընթաց գրանցվի, դա նաև կարող է հայ-թուրքանան երկխոսության վերսկսման հանգեցնել»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Քեռյանը:
Նրա խոսքերով, իրականում ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան չեն ներկայացրել պաշտոնական հայտարարություններ և հիմնավորումներ գործընթացի կանգնեցման վերաբերյալ։ Սակայն նա ենթադրեց, որ գործընթացի սառեցումը կապված է թուրքական կողմի՝ Հայաստանի առջև նախապայմաններ առաջ քաշելու հետ։
Պրոֆեսորի կարծիքով, նախապայմանները կարող են կապված լինել, մասնավորապես, ԼՂՀ-ին հարակից մեկ կամ երկու տարածքների վերադարձի հետ։ Ինչպես նշեց Քեռյանը, կարծելով, թե հայ-թուրքական գործընթացը սկսելը փոխզիջում է իրենց կողմից, զիջումներ պահանջեց նաև հայկական կողմից։
«Հայաստանի նախագահը չէր կարող գնալ նման զիջումների, և վավերացման գործընթացը կանգնեցվեց»,- ասաց փորձագետը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-