Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Իսահակյանի անվան գրադարանին գրքեր կնվիրի

09.04.2010, 14:10
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Իսահակյանի անվան  գրադարանին գրքեր կնվիրի

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Իսահակյանի անվան գրադարանին կնվիրի գեղարվեստական, ուսումնական-մեթոդաբանական գրականություն, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունից:

Ներկայացուցչությունը կնվիրի նաև գրքեր՝ նախատեսված նախադպրոցական և ավագ սերնդի համար, ԱՊՀ երկրների և Ռուսաստանի գրական հուշարձաններ, մանկական գեղարվեստական ֆիլմերի և ռուս գրողների ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի սկավառակներ:

Ընթերցողներին կներկայացվեն «Ռուսկի պուտ» («Русский путь») հրատարակչության և ռուսական այլ հայտնի հրատարակչությունների գրքերը: Գրքեր նվիրելու արարողության ժամանակ ողջույնի խոսքով ելույթ կունենա Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

Նախատեսված է նաև համերգ, որը կազմակերպել են կոնսերվատորիայի ուսանողներն ու շրջանավարտները: Համերգի ընթացքում կհնչեն ռուսական երգեր և ռուս կոմպոզիտորների հայտնի օպերաների արիաներ:

Կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1935 թ.-ին, իսկ 1955 թ.-ին նրան տրվել է աշխարհահռչակ հայ պոետ Ավետիք Իսահակյանի անունը: Իսահակյանի անվան գրադարանը երկրորդն է ընթերցողների քանակով և գրքերի ֆոնդով: Գրադարանը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ և ունի 7 մասնաճյուղ, այդ թվում նաև մանկական, տեխնիկական գրադարան և արվեստի գրադարան: Այս պահին գրադարանն ունի շուրջ 700 հազար միավոր տպագիր հրատարակություն: Գրադարանից օգտվողների թիվը տարեկան կազմում է ավելի քան 30 հազար մարդ:-0-