Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը 2009 թվականին աճել է 4 տոկոսով

29.03.2010, 17:26
Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը 2009 թվականին աճել է 4 տոկոսով

Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը 2009 թվականին աճել է 4 տոկոսով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը։

«2009 թվականին Հայաստանում հայտնաբերվել է 7657 առաջնային հիվանդ։ 2008 թվականի համեմատ քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 321 մարդով, ինչը կազմում է 4 տոկոս։ Այս թվերը համապատասխանում են միջազգային ցուցանիշներին, որոնց համաձայն, տարեկան աշխարհում հիվանդների թիվն ավելանում է 3-4 տոկոսով»,- ասաց Բազիկյանը։

Ըստ նրա, Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների շարքում առաջին տեղում թոքերի քաղցկեղն է։ Միաժամանակ, նրա խոսքերով, Հայաստանում 2009 թվականին արձանագրվել է թոքերի քաղցկեղով 1256 հիվանդ, իսկ երկրորդ տեղում կաթնագեղձի քաղցկեղն է (1092 դեպք)։

Բազիկյանը նշեց, որ քաղցկեղային հիվանդություններով Հայաստանում ավելի շատ տառապում են տղամարդիկ, քան կանայք։

«Հայաստանում քաղցկեղային հիվանդություններով տառապող հիվանդների 52 տոկոսը տղամարդիկ են, ովքեր հիմնականում տառապում են թոքերի քաղցկեղով»,- ընդգծեց ուռուցքաբանը։

Միաժամանակ, Բազիկյանը նշեց, որ վերջին ժամանակներում տարեկան արձանագրվում է միջին հաշվով հիվանդության 80-100 դեպք երեխաների շրջանում։

«Հիվանդությունների պատճառների 50 տոկոսը սխալ ապրելակերպն է, ինչպես նաև սթրեսը, վիրուսային հիվանդությունները, կլիման, աղտոտված օդը։ Քաղցկեղային հիվանդությունների 10-12 տոկոսը ժառանգական բնույթ են կրում»,- ասաց նա։ -0-