Ամուսնական զույգին կասկածում են երկու կամ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու մեջ

16.03.2010, 17:05
Ամուսնական զույգին կասկածում են երկու կամ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու մեջ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես, ուսումնասիրելով ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը, պարզվել է, որ ամուսիններ Ա.Սահակյանը և Ա.Վարդանյանը հավաքագրել և սեռական շահագործման նպատակով 2010 թվականի  հունվարի 27-ին Թուրքիայի  Տրապիզոն քաղաք են տեղափոխել Հ.Ն.-ին և Ս.Բ.-ին, որտեղ, վերցնելով  վերջինների անձնագրերը և օգտագործելով նրանց խոցելի վիճակը, շահադիտական նպատակներով շուրջ 15 օր ենթարկել են սեռական շահագործման: Այնուհետեւ՝ 2010 թվականի փետրվարին Հ.Ն.-ին տեղափոխել են  Երևան, կրկին վերցնելով անձնագիրը և բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 1 –րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու:-0-