Քրդական խնդիրն ավելի վտանգավոր է Թուրքիայի համար, քան հայկական հարցը
Քրդական խնդիրն ավելի վտանգավոր է դարձել Թուրքիայի համար, քան հայկական հարցը, կարծում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը։
«Թուրքիան այսօր չի կարող կողմնորոշվել՝ գնա՞լ, արդյոք, իսլամական ֆունդամենտալիզմի ուղիով, թե՞ եվրոպականացվել։ Երկրորդ դեպքում ջրի երես է ինքնըստինքյան դուրս գալիս քրդական հարցը»,- հինգշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։
Պատմաբանը նշեց, որ քրդական հարցը ծագել է 19-րդ դարի վերջին, երբ սուլթան Աբդուլ Համիդը սկսեց «մաքրել» Արևմտյան Հայաստանի տարածքը քրդական խմբավորումների միջոցով։ Ազատվելով հայերից՝ Թուրքիան իր համար ավելի լուրջ խնդիր ունեցավ՝ քրդական գործոնի տեսքով։
Պրոֆեսորի կարծիքով՝ այսօր «քրդացած են» Թուրքիայի ոչ միայն արևելյան նահանգներն, այլ գրեթե ողջ պետությունը։
Ներկայումս Թուրքիայում բնակվում է ավելի քան 10 մլն քուրդ։ -0-