Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանությունը կլինի միջազգային խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության հարցերը կլինեն Երևանում անցկացվող «Ռուսաց լեզու՝ XXI դարում մշակույթների երկխոսության, գիտական համագործակցության, միջանձնային և ազգամիջյան շփման երաշխավորը» միջազգային գիտապրակտիկ խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում: Խորհրդաժողովը հինգշաբթի մեկնարկել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանում:
«Խորհրդաժողովի կազմակերպիչների գլխավոր նպատակը Հայաստանի ռուսաց լեզվի դասավանդողների գիտական շրջանում գոյություն ունեցող հարցերի լուծումն է, այդ հարցերը ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության պրակտիկ հարթակ տեղափոխելը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց խորհրդաժողովի գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Հայաստանում Ռուսաց լեզվի ուսումնամեթոդաբանական ռուսական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը:
Նրա խոսքերով, խորհրդաժողովին կմասնակցի ավելի քան 60 մարդ, միաժամանակ միայն 40-ը՝ Հայաստանից: Զեկույցներով հանդես կգան նաև Ռուսաստանի, Մոլդովայի, Ղազախստանի ներկայացուցիչները:
«Ռուսաց լեզու՝ XXI դարում մշակույթների երկխոսության, գիտական համագործակցության, միջանձնային և ազգամիջյան շփման երաշխավորը» խորհրդաժողովն արդեն հինգերորդ տարին է անցկացվում Հայաստանում:
«Առաջին չորս խորհրդաժողովներն անցկացվել են Հայաստանում ՌԴ դեսպանատան հովանու ներքո, սակայն Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո նոր ձևաչափում այն առաջին անգամ է անցկացվում», - նշեց նա:
Խորհրդաժողովի հիմնական կազմակերպիչներն են Ռոսսոտրուդնիչեստվոն և նրա կառույցում գործող Հայաստանում Ռուսաց լեզվի ուսումնամեթոդաբանական ռուսական կենտրոնը:
Մանկավարժական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Բելլա Եսանջանյանի խոսքերով՝ խորհրդաժողովի հիմնական նպատակը Հայաստանում ռուսաց լեզվի տարածումն է, քարոզն ու դիրքերն ամրապնդելու ցանկությունը:
Այսօրվա դրությամբ Երևանում և Հայաստանի մարզերում գործում է 40 հանրակրթական դպրոց, որոնք ունեն ռուսաց լեզվի դասարաններ, որոնցից երեքը՝ մասնավոր են:
Այդ դպրոցներում ուսանում է շուրջ 10000 աշակերտ: Վերջինները ՌԴ քաղաքացիների, Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիների (ում երեխաները ուսանել են Ռուսաստանում կամ ԱՊՀ այլ պետություններում) երեխաներն են: -0-