Թուրքիայում հնչող հայտարարությունները խոչընդոտում են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը. ԱԳՆ

02.03.2010, 12:44
Թուրքիայում հնչող հայտարարությունները խոչընդոտում են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը. ԱԳՆ

Թուրքիայում հնչող հայտարարությունները խոչընդոտում են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, կարծում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Թուրքիայում հնչող հայտարարությունները խոչընդոտում են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Նախապայմանների լեզվին վերադառնալը վնասում է հայ-թուրքական գործընթացը»,- երեքշաբթի իսպանացի գործընկերոջ հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Հուսամ՝ Թուրքիան կազատվի արհեստական խոչընդոտներից, որոնք ինքն է ստեղծում, և մենք առաջ շարժվելու հնարավորություն կունենանք՝ ձեռքբերված պայմանավորվությունների համաձայն»,- նկատեց Նալբանդյանը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-