ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կդիմի խոսնակին հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու առաջարկությամբ

18.02.2010, 14:01
ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կդիմի խոսնակին հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու առաջարկությամբ
ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կդիմի խոսնակին հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու առաջարկությամբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կդիմի խոսնակին՝ միայն հանձնաժողովի կայացրած եզրակացությունից հետո հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը սկսելու խնդրանքով։

Այս մասին լրագրողներին հայտնեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Քանի որ հարցը շատ կարևոր է, և դրա քաղաքական ու հասարակական արձագանքը շատ մեծ, ապա բնականաբար այն հարկավոր է բազմակողմանիորեն քննարկել և ուսումնասիրել Ազգային ժողովում»,- հայտարարեց Ռուստամյանը։  

Ընդ որում նա նշեց, որ խորհրդարանի կանոնադրությունը թույլ է տալիս միջազգային պայմանագիրը խորհրդարանի քննարկմանը դնել և առանց համապատասխան հանձնաժողովի եզրակացության, սակայն հավելեց, որ հանձնաժողովում քննարկման փորձը կիրառվել է բոլոր միջազգային համաձայնագրերի ու պայմանագրերի առնչությամբ։  

Ռուստամյանը հայտնեց, որ վաղը հանձնաժողովի անդամները կհավաքվեն հայ-թուրքական արձանագրությունների նախնական քննարկման կարգը քննարկելու համար։

Նա ավելացրեց, որ Դաշնակցություն խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկել փոփոխություններ մտցնել օրենսդրությունում, որոնց շնորհիվ ԱԺ նախագահի հետ մեկտեղ իրավունք կունենա վերապահումներ մտցնելու միջազգային պայմանագրերում և համաձայնագրերում։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-