Հայաստանի պոտենցիալ միգրանտների երկու երրորդը դեմ չէին լինի մեկնել Ռուսաստան. սոցհարցում

People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով, Հայաստանի պոտենցիալ միգրանտների երկու երրորդը դեմ չէր լինի մեկնել Ռուսաստան, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը:
Եվս մեկ երրորդը նախընտրում է Եվրոպան: 2009թ. երկրորդ կեսին անցկացված հարցմանը մասնակցել է 83 տղամարդ ու 72 կին:
Հարցվածների մեծ մասի տարիքը չի գերազանցում 40-ը: Մեկնելու մասին մտածել են ստիպում մի շարք պատճառներ, որոնցից գլխավորներ են սեփական մասնագիտությամբ աշխատանք չգտնելը (27%) և աշխատանքի դիմաց ցածր վարձատրությունը (60%):
Հարցում անցածների 14 տոկոսը կարծում է, որ Հայաստանում իրենց իրավունքները վատ են պաշտպանվում և հույս ունեն, որ օտար երկրում իրենց համար ավելի լավ կլինի:
Նաև գրեթե մեկ երրորդը հայտնել է, որ կցանկանար սեփական բիզնես ունենալ, սակայն չի կարող այն ստեղծել Հայաստանում:-0-