ՀՀ տնտեսությունը գրանցել է ամենաբարձր անկումը ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի և Արևելքի երկրների շրջանում, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:
Նա նշեց, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածել է գրեթե բոլոր երկրներին առանց բացառության, և այս աննախադեպ ճգնաժամին պատրաստ չեն եղել ոչ կառավարությունները, ոչ մասնավոր հատվածը աշխարհի երկրներից ոչ մեկում:
«Կենտրոնի անցկացրած համեմատական վերլուծության համաձայն՝ երեք տարածաշարջանների՝ ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի և Արևելքի երկրների միջև ՀՆԱ դինամիկայով Հայաստանը տարածաշրջանում առավել տուժածների թվում է համաշխարհային ճգնաժամից: Հայաստանից ավելի վատ դինամիկա է արձանագրվել Բալթյան երկրներում, որտեղ դա բացատրվում է ընթացիկ բալանսի, խոշոր վարկերի ու ֆիքսված փոխարժեքի դեֆիցիտով»,- ասաց Հերգնյանը:
Հայաստանում, ըստ նրա, ճգնաժամին նպաստել է մետաղի գների անկումը՝ չնայած 2009 թ.-ի արդյունքներով հանրապետության մետաղագործական ոլորտը 7,6 տոկոս աճ է գրանցել:
«Ընդհանուր առմամբ ճգնաժամը երևան է հանել տնտեսության խոցելիությունը, իսկ դրա ֆունդամենտալ պատճառը ֆինանսական ու իրական հատվածների միջև գլոբալ անհամաչափությունն է, ինչպես նաև անհամամասնությունը հենց ֆինանսական հատվածի ներսում, միջազգային առևտրում»,- ասաց Հերգնյանը:
Ըստ նրա՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ տնտեսության անկումն առավել խորն է, ընթացիկ հաշվի դեֆիցիտ է գրանցվել, ինչը ճգնաժամը տարածելու հիմնական պատճառն ու հիմնական անցումային մեխանիզմ է դարձել:
«Հայաստանի պայմաններում ամենալուրջ անհամամասնությունը, որը հանգեցրել է անկման, տնտեսության դեֆորմացված կառուցվածքն է եղել, մասնավորապես այն, որ շինարարությունը անհամեմատ մեծ տեսակարար կշիռ ունի տնտեսության կառուցվածքում, որը մի քանի անգամ գերազանցում է տվյալ ցուցանիշը մնացած երկրների համեմատ»,- ասաց Հերգնյանը:
Նա նշեց, որ 2009 թ.-ի արդյունքներով՝ Հայաստանի տնտեսության անկումը 14,4 տոկոս է կազմել, ընդ որում անկման 80 տոկոսը պայմանավորված է հենց շինարարության ոլորտի կրճատմամբ:-0-