Հայաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը մշակույթի ոլորտում

10.02.2010, 14:40
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը մշակույթի ոլորտում
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը մշակույթի ոլորտում

2010-2012 թթ. մշակութային համագործակցության ծրագիր է չորեքշաբթի ստորագրվել Հայաստանի մշակույթի նախարարության և Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության միջև։

Փաստաթղթի ստորագրման արարողության ընթացքում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ղեկավարները հայտարարեցին, որ Հայաստանն ու Իրանը բարձր են գնահատում երկկողմ համագործակցության մակարդակը մշակույթի ոլորտում և մտադիր են զարգացնել և խորացնել հաստատված կապերը։

Ինչպես հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ստորագրված համաձայնագրի մանրամասները հայկական կողմը քննարկել է Իրանի նախագահի խորհրդական, մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավար Մեհդի Մոստաֆավիի գլխավորած իրանական պատվիրակության հետ։  

Պողոսյանը նշեց, որ Հայաստանը և Իրանն ընդհանուր առմամբ բարձր են գնահատում համագործակցության մակարդակը մշակույթի ոլորտում,  սակայն մտադիր չեն սահմանափակվել ձեռք բերածով և կբարձրացնեն գործընկերային կապերը որակապես նոր մակարդակի վրա, կիրագործեն նոր ծրագրեր։

ԻԻՀ նախագահի խորհրդական, Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավար Մեհդի Մոստաֆավիի խոսքերով, Հայաստանի և Իրանի միջև բազմադարյա, բարեկամական և մտերիմ հարաբերություններ են ձևավորվել, և երկու ժողովուրդներն արդեն վաղուց մեկ ընտանիք են դարձել։ Ինչպես կարծում է Մոստաֆավին, հայ-իրանական կապերը մշտապես զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի ոլորտում։

«Այսօր ստորագրված փաստաթուղթը հնարավորություն է տալիս էլ ավելի խորացնել և զարգացնել մշակութային ոլորտի համագործակցությունը»,- կարծում է Մոստաֆավին։

Ըստ նրա՝ կապերի խորացման մեծ ներուժ կա բուհական ոլորտում, պարսկերեն և հայերեն լեզուների դասավանդման, արվեստի ոլորտում։ Նրա կարծիքով՝ Հայաստանը և Իրանը ընդհանուր մշակութային հուշարձաններ և գեղարվեստական ստեղծագործություններ ունեն։ Իրանի նախագահի խորհրդականը տեղեկացրեց, որ ստորագրված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում և Իրանում կանցկացվեն իրանական և հայկական արվեստի, կինոյի և գրականության օրեր։

Մոստաֆավին մեծ նշանակություն տվեց նաև հոգևոր արժեքների պահպանմանը՝ նշելով, որ իրանական կողմն աշխատանքներ է իրականացնում Սուրբ Թադե  հայկական եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու ուղղությամբ։ Միաժամանակ նա բարձր գնահատեց հայկական կողմի ջանքերը Երևանում Կապույտ մզկիթի պահպանման ուղղությամբ։

Հայաստանի և Իրանի միջև ստորագրված 2010-2012 թթ. ծրագրի համաձայն՝ մշակույթի ոլորտում համակարգող գերատեսչությունների ուշադրության կենտրոնում կլինեն գրահրատարակչության, կինոյի, պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման, թանգարանային և գրադարանային գործը։

Ծրագրով նախատեսվում է մշակութային փոխանակման, երկու երկրներում մշակույթի շաբաթների և օրերի, փառատոների և ցուցահանդեսների անցկացում։ Այս միջոցառումների անցկացման աշխատանքները և ժամանակացույցի կազմումը կիրականացնի հատուկ ստեղծված հայ-իրանական հանձնաժողովը։ 

Ստորագրված ծրագրի համաձայն՝ արդեն չորեքշաբթի Երևանում բացվել է Իրանի ժամանակակից արվեստի ցուցահանդես։ -0-