Հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն սկզբնական տեսքով. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան

03.02.2010, 11:05
Հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն սկզբնական տեսքով. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունները պետք է վավերացվեն սկզբնական տեսքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Կողմերը պետք է վավերացնեն արձանագրություններն այն տեսքով, որով նրանք կան», - ասաց Լոնսդեյլը:

Նա ընդգծեց, որ Անգլիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ այն նպաստում է երկու երկրներում, այդ թվում նաև ողջ տարածաշրջանում անվտանգության ու բարգավաճման կայացմանը:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-