Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց հայկական կողմի զիջումների. պատգամավոր

27.01.2010, 17:23
Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց հայկական կողմի զիջումների. պատգամավոր

Թուրքական խորհրդարանը վերջիվերջո կվավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց ղարաբաղյան հարցում հայկական կողմի զիջումների, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

«Թուրքիան իր առջև երկու ծրագիր է դրել՝ մինիմում-ծրագիր և մաքսիմում-ծրագիր։ Առաջինը ենթադրում է նվազագույնի հասցնել հայկական հարցը որպես այդպիսին, այսինքն առկա սահմանների ամրագրումը և Հայաստանի կողմից հետագա որևէ տարածքային պահանջի բացառումը։ Իսկ առավելագույն ծրագիրը՝ թուրք-ադրբեջանական կողմի համար ձեռնտու կերպով ղարաբաղյան հարցի լուծումը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը։

Ըստ նրա, Թուրքիան տվյալ պահին գիտակցում է մաքսիմում-ծրագրի իրականացման անիրատեսական լինելն ու թողնում է այդ հարցն ապագային։

Իր հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ Թուրքիան ձգտում է տապալել հայ-թուրքական բարելավման գործընթացը՝ դրանում մեղադրելով Հայաստանը։

«Թուրքիան ջանում է համաշխարհային հանրությանը ցույց տալ, թե ինքը տրամադրված էր կարգավորել հարաբերությունները, սակայն հայերը տապալեցին գործընթացը: Այս համատեքստում էլ պետք է հասկանալ թուրքական արտգործնախարարության այն հայտարարությունը, թե ՀՀ ՍԴ-ի եզրակացության մեջ նախապայմաններ կան»,- նշեց Սահակյանը:

Նրա խոսքով, եթե գործընթացն ի վերջո տապալվի, հնարավոր է որոշ սրացում երկու երկրի հարաբերություններում:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև այն ժամանակ, երբ երկու երկրի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել: --0-