Հայաստանը շնորհակալություն է հայտնում Իրանին Ղարաբաղի վերաբերյալ կշռադատված դիրքորոշման համար. ՀՀ նախագահ

27.01.2010, 15:48
Հայաստանը շնորհակալություն է հայտնում Իրանին Ղարաբաղի վերաբերյալ կշռադատված դիրքորոշման համար. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացում շնորհակալություն է հայտնել  իրանական կողմին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերվող հավասարակշռված մոտեցման համար, տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը Երևանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-