Հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը մեծացրել է Հայաստանի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման հնարավորությունները, երեքշաբթի լրագրողներին ասաց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Արձանագրությունների բոլոր այն թերությունները, որոնք նշվել էին հանրապետության քաղաքական ուժերի, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության կողմից, հարթվեցին Սահմանադրական դատարանի կողմից: Իր որոշմամբ ՍԴ-ն գրեթե խմբագրեց ՀՀ ԱԳՆ-ի բաց թողած բոլոր դիվանագիտական թերությունները», - հայտարարեց Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ արձանագրություններում տեղ գտած անճշտությունները պարզապես սխալներ չեն, այլ դիվանագիտական անգրագիտության և պետության ներկայացուցիչների կողմից դրսևորած կամքի բացակայության հետևանք:
«Պետք է ցավով նշեմ, որ մեր ողջ դիվանագիտական կորպուսը հայտնվեց շատ ցածր մակարդակում, և ակնհայտ է, որ ազգային շահերի տեսակետից վտանգավոր է վստահել մեր արտաքին քաղաքականությունը նման մարդկանց», - հայտարարեց Սարգսյանը:
Այս համատեքստում Սարգսյանը դրական գնահատեց երկրի նախագահի դերը:
«Պետք է նշեմ, որ ի տարբերություն առաջին երկու նախագահների՝ Սերժ Սարգսյանը կարողացավ դրսևորել շատ կարևոր մի հատկանիշ. նա լսում է, հասկանում և որոշում է ընդունում», - ասաց քաղաքական գործիչը՝ մասնավորապես դրական գնահատելով ՀՀ նախագահի կազմակերպած համահայկական շրջայցը, որի շրջանակներում Սարգսյանը հանդիպեց և ծանոթացավ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայկական սփյուռքի կարծիքին:
Ամեն դեպքում, Սարգսյանի խոսքերով, ՀՀ Դեմկուսը շարունակելու է սկսած պայքարը: Նա հիշեցրեց, որ կուսակցությունն ավելի վաղ առաջարկում էր վավերացնել արձանագրությունները՝ դրանց մեջ վերապահումներ ավելացնելու պարտադիր պայմանով:
Քաղաքական գործչի խոսքերով՝ ՍԴ-ի որոշումից հետո ՀՀ խորհրդարանը պետք է վավերացնի արձանագրությունները՝ հիմնվելով ՍԴ-ի որոշման վրա, հակառակ դեպքում խորհրդարանի որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարց կառաջանա:
Բացի այդ Սարգսյանը նշեց, որ կարևոր է հետևել Թուրքիայի հետագա պահվածքին:
«ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Թուրքիայի արտգործնախարարությունն այլևս չի կարող հայտարարություններ անել այն բանի վերաբերյալ, որ հայերը ճանաչել են միջպետական սահմանների առկայության փաստը, ինչպես նաև ճանաչել են, որ ցեղասպանության խնդիրը կարող է քննարկումների առարկա դառնալ կամ ճանաչել են Կարսի պայմանագիրը: Այս ամենի կապակցությամբ Թուրքիայի քաղաքական ուղղվածությունը պետք է փոխվի, սակայն դեռ դժվար է ասել, թե դեպի որ կողմ», - ասաց նա:--0--