Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի, եթե Թուրքիան հրաժարվի խելամիտ ժամկետում և առանց նախապայմանների վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, հինգշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը կսկսի հունվարի 12-ին: Երբ փաստաթուղթը ՀՀ սահմանադրությանը համապատասխան ճանաչվի, այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը: Այս պահին արձանագրությունները գտնվում են Թուրքիայի Ազգային ժողովի քննարկման փուլում:
Խոսնակը նշեց, որ հայկական խորհրդարանը պատրաստ է քննարկել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը թուրքական խորհրդարանի որոշումից հետո:
«Մենք խելամիտ ժամկետում փաստաթղթի վավերացում ենք ակնկալում Անկարայից, ինչից հետո ՀՀ խորհրդարանը կքննարկի և կփորձի վավերացնել արձանագրությունները առանց նախապայմանների»,- ասաց նա:
Աբրահամյանը նաև բացասական կարծիք հայտնեց թուրք գործիչների՝ արձանագրությունները ղարաբաղյան հակամարտությանը կապելու ջանքերի վերաբերյալ:
«Ես բացասաբար եմ վերաբերվում պաշտոնական անձանց նման հայտարարություններին: Կարծում եմ, որ դա անազնիվ է, քանի որ սկզբնապես ձեռք էին բերվել նախագահների նախնական պայմանավորվածություն այն մասին, որ կողմերը դիվանագիտական հարաբերություններ են հաստատում առանց նախապայմանների»,- ասաց ԱԺ նախագահը:
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-