Հայաստանն էլ կարող է նախապայման առաջ քաշել այն դեպքում, եթե հայ-թուրքական հարաբերությունների համար Թուրքիան նախապայմաններ առաջադրի, չորեքշաբթի ԵՊՀ-ում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ում արված հայտարարոթյունը՝ արձանագրությունների վավերացման համար գոյություն ունեցող նախապայմանների մասին:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, ասել էր Թուրքիայի վարչապետն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպումից հետո:
«Երբ մենք արձանագրություն էինք ստորագրում Հայաստանի հետ, ոչ մի նախապայման այնտեղ չկար: Սակայն մեր խորհրդարանում այդ փաստաթղթի ստորագրումը նախապայման է պահանջում: Որպեսզի լուծվի այդ հարցը, միայն քաղաքական կամքը բավական չէ: Թուրքական խորհրդարանի համար այդ թեման չափազանց զգայուն է»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ այդ իրավիճակից դուրս գալու ելքը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արագացնելն է:
ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացնի արձանագրությունները առանց նախապայմանների, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և արտգործնախարարը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապելը կսպառնա այդ գործընթացներին:
«Եթե կողմերից մեկը նախապայման է առաջ քաշում, ապա, բնականաբար, կարող են ի հայտ գալ մեր արդարացի նախապայմանները՝ հայոց ցեղասպանության ճանաչումն ու սահմանի միակողմանի բացումը: Ամեն դեպքում կյանքը չափազանց հարուստ է, և ապագան ցույց կտա, թե որ ուղղությամբ կընթանա գործընթացը, և հավատարիմ կլինի, արդյոք, Թուրքիան իր ստանձնած պարտավորություններին»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ երբ Հայաստանը համաձայնում էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններին, ենթադրում էր, որ գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների ՝ 1915թ. հայոց ցեղասպանության ճանաչման արդարացի պահանջի ու սահմանի անհապաղ բացման:
ՀՀ փոխարտգործնախարարն ավելացրեց նաև, որ նախապայմանների բացակայության տակ Հայաստանը հասկանում է, որ Թուրքիան մերժում է, որ Հայաստանը մասնակցի այնպիսի գործողությունների, որոնք կարող են կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը, մերժում է ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության մեջ միակողմանի զիջումները:
Ընդ որում, Քոչարյանը կոչ արեց սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը տեսնելու համար՝ Թուրքիան հետևողական կլինի՞, արդյոք, իր հայտարարություններին:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը:
Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։--0--