ՀՀ նախագահը մասնակցել է Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի աշխատանքներին

27.11.2009, 19:59
ՀՀ նախագահը մասնակցել է Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի աշխատանքներին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ:

Ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության համաձայն,  միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները: Պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել նախ նեղ, ապա` ընդլայնված կազմով:

Հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում ներառված են եղել շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի նախորդ նիստերի ժամանակ ընդունված որոշումների կատարմանը, Եվրասիական տնտեսական համագործակցության տարածքում միասնական տնտեսական տիրույթի և մաքսային միության ձևավորմանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին վերաբերող հարցեր:

Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպության 2009թ. փետրվարի 4-ի միջպետական խորհրդի նիստի ժամանակ ընդունվել են երկու որոշումներ` «Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին» և «Եվրասիական տնտեսական համագործակցության բարձր տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման մասին»:

«Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակաճգնաժամային հիմնադրամի եւ բարձր տեխնոլոգիական կենտրոնի համահիմնադիրը, իսկ այդ երկու որոշումների հետ կապված փաստաթղթերը ՀՀ Ազգային Ժողովն արդեն վավերացրել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ստորագրված փաստաթղթերն այժմ ներպետական վավերացման ընթացակարգերի ավարտական փուլում են, որից հետո հիմնադրամն առաջիկայում  կսկսի իր գործունեությունը:

Պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումից հետո ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ պետությունների ղեկավարներն ստորագրել են ընդունված որոշումներին վերաբերող փաստաթղթեր, այդ թվում նաև` Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի միջև մաքսային միությանը վերաբերող փաստաթղթերը:

Հաղորդագրության համաձայն, ՀՀ Նախագահը Մինսկում մասնակցել է նաև ԱՊՀ տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված «Միավորելով ԱՊՀ տարածաշրջանը» թեմայով միջազգային գագաթաժողովի աշխատանքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երևան: -0-