Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել երեք և ավելի երեխաներ ունեցող զորակոչի ենթակա ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաներին պարտադիր զինվորական ծառայության տարկետման հնարավորություն տալ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագիր է ստորագրել:
Ինչպես կառավարական նիստի ընթացքում հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ի կատարում ՀՀ նախագահի հրամանագրի՝ կառավարությունը որոշում է ընդունել այն մասին, որ տարկետման իրավունքից կարող են օգտվել նաև ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաները, իսկ ասպիրանտուրան ավարտած կամ գիտական կոչում ունեցող սպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտությունների և նշանակվում են ՀՀ զինված ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոններում:
ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ պահեստազորի բուժկազմի առաջին խմբի մինչև 35 տարեկան սպաների զորակոչը ծառայության երկամյա ժամկետով կանցկացվի 2009 թ.-ի դեկտեմբերին:
Միևնույն ժամանակահատվածում կզորացրվեն ՀՀ ԶՈՒ պահեստազորի բուժկազմի առաջին խմբի պարտադիր ծառայություն անցած սպաները: -0-