ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010թ.-ին կսկսի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստությունը

03.11.2009, 14:18
ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010թ.-ին կսկսի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստությունը
ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010թ.-ին կսկսի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստությունը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010 թ.-ին կսկսի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստումը, տեղեկացրեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը:

«Մենք կարծում ենք, որ արդեն ժամանակն է նախապատրաստվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Անհրաժեշտ է պատշաճ կերպով պատրաստվել այդ տարեթվին», - ասաց Պետրոսյանը երեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում երկրի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

Պետրոսյանի խոսքերով, նախարարությունը ծրագրում է այդ տարեթվի համար նախապատրաստել աշխարհի տարբեր երկրներում կանգնեցված հուշարձանները, ինչպես նաև Երևանի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը:

Նախարարության 2010թ.-ի այլ հեռանկարային ծրագրի թվում փոխնախարարը նշեց «Արի տուն» հայրենադարձության ծրագրի ընդլայնումը: Պետրոսյանի խոսքերով, եթե 2009թ.-ին այդ ծրագրով Հայաստան այցելեց 400 մարդ, ապա հաջորդ տարի սփյուռքից Հայաստան ժամանող երիտասարդների թիվն արդեն 600-ի կհասնի:

ՀՀ սփյուռքի փոխնախարարը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերատեսչության առջև խնդիր է դրել՝ բացահայտել սփյուռքի ներուժն ու օգտագործել այն Հայաստանի զարգացման գործում:

Պետրոսյանը նշեց, որ դրված խնդրի իրականացման համար նախարարությունն արդեն մի քանի համաժողովներ է անցկացրել, մասնավորապես՝ սփյուռքահայ սրտաբանների, փաստաբանների, ճարտարապետների համաժողովներ: 2010թ.-ին նման պրակտիկան կշարունակվի և կանցկացվի, մասնավորապես, ֆինանսիստների համաժողով:

Պետրոսյանը տեղեկացրեց, որ 2010թ.-ին նախարարությունը ծրագրում է շարունակել աշխարհի տարբեր անկյուններում հայկական համայնքներին աջակցելու ծրագրերի մշակումն ու իրագործումը, մասնավորապես՝ նման ծրագիր կիրագործվի Լատինական Ամերիկայի երկրներում:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մշակույթի օջախների պահպանմանն ու հայության խնդիրների ուսումնասիրմանը: Այս ուղղությամբ արդեն գրանցվել են զգալի հաջողություններ, որոնք կշարունակվեն նաև ապագայում», - ասաց նա:

Պետրոսյանը ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության կարևոր ուղղվածություն համարեց նաև հեռահաղորդակցությունների օգտագործումը հայկական համայնքների հետ շփվելու նպատակով, ինչը սփյուռքի հետ ինտերնետի միջոցով օպերատիվ աշխատանքի հնարավորություն է տալիս:

Ըստ ՀՀ 2010 թ. պետբյուջեի նախագծի՝ ՀՀ սփյուռքի նախարարության ծախսերը ծրագրված են 426,5 միլիոն դրամի սահմաններում, որոնցից 245,5 միլիոն դրամը կկազմեն առանձին ծրագրերի իրագործման ծախսերը, 181 միլիոնը՝ նախարարության աշխատակազմի համար նախատեսված ծախսերը:

Հայաստանի 2010թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 676,6 միլիարդ դրամի սահմաններում, ծախսերը՝ 859,6 միլիարդ դրամ՝ 183 միլիարդ դրամի դեֆիցիտի դեպքում: Դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը նախատեսված է մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 376 դրամի սահմաններում:-0-