ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Երևանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստան-Եվրամիություն համագործակցության ամրապնդման ուղղությամբ, չորեքշաբթի Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Փոխնախարար Ղազինյանը, ներկայացնելով Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, նշեց, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է:
Ղազինյանը կարևորեց բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:
Հայկական կողմը գոհունակությամբ նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափերով:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարևորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված և համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:
«Եվրոպական կողմի խնդրանքով, փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը, ինչպես նաև` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0