Կիրակի Հայաստանում խորովածի փառատոն կանցկացվի

23.10.2009, 15:13
Կիրակի Հայաստանում խորովածի փառատոն կանցկացվի
Կիրակի Հայաստանում խորովածի փառատոն կանցկացվի

ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի կանցկացվի խորովածի մրցույթ-փառատոն:

Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ, Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում կայանալիք փառատոնին կմասնակցեն արհեստավարժ և սիրողական կարգի խոհարարներ, ազգագրական խմբեր, նկարիչներ և մարզիկներ:

Նույն օրն Ախթալայում տեղի կունենա «Բարեկամության կամուրջ» բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցումների փակման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկում է ուրբաթ և կանցկացվի Սանահինի կամուրջ-Օձուն, Սանահինի կամուրջ-Հաղպատ, Սանահինի կամուրջ-Ախթալա երթուղով:

Մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Մոլդովայի և Ռուսաստանի հավաքականները, ինչպես նաև Իտալիայի և Շվեդիայի ներկայացուցիչները:

Միջոցառումը կազմակերպել են Ախթալայի քաղաքապետարանը, Հեծանվավազքի հանրապետական ֆեդերացիան, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպությունը, «Մեթլ պրինց» ընկերությունն ու Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:-0-