Ոչ մի հայ պատմաբան թուրք գիտնականի հետ չի քննարկի Հայոց ցեղասպանության փաստը. փորձագետ

05.10.2009, 14:32
Ոչ մի հայ պատմաբան թուրք գիտնականի հետ չի քննարկի Հայոց ցեղասպանության փաստը. փորձագետ
Ոչ մի հայ պատմաբան թուրք գիտնականի հետ չի քննարկի Հայոց ցեղասպանության փաստը. փորձագետ

Ոչ մի հայ պատմաբան թուրք գիտնականի հետ չի քննարկի Հայոց ցեղասպանության փաստը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Թուրքական կողմը փորձում է Ցեղասպանության հարցը քաղաքական հարթությունից տեղափոխել գիտական հարթություն, սակայն հայ գիտնականները չեն գնա դրան: Եվ այս հարցը նույնիսկ չի քննարկվում», - ընդգծեց Դեմոյանը:

Նրա խոսքերով՝ շատ փորձագետների և քաղաքական գործիչների մոտ մտավախություն է հարուցում նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ենթահանձնաժողովներից մեկի ստեղծման մասին դրույթը:

«Այդ մտավախություններն ունեն որոշակի հիմնավորում, սակայն, միաժամանակ, այս հարցի քննարկման համար որևէ ձևաչափ անհրաժեշտ է», - ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-