Հայաստանում ազատազրկման վայրերում առողջության իրավունքի պաշտպանության ուսումնական ծրագիր է իրականացնում ԵԱՀԿ-ն

22.09.2009, 14:09
Հայաստանում ազատազրկման վայրերում առողջության իրավունքի պաշտպանության ուսումնական ծրագիր է իրականացնում ԵԱՀԿ-ն
Հայաստանում ազատազրկման վայրերում առողջության իրավունքի պաշտպանության ուսումնական ծրագիր է իրականացնում ԵԱՀԿ-ն

ԵԱՀԿ-ն Հայաստանում ազատազրկման վայրերում առողջության իրավունքի պաշտպանության ուսումնական ծրագիր է իրականացնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակից:

Հասարակական մոնիտորինգային խմբերի անդամները, ովքեր դիտարկում են իրականացնում քրեակատարողական հաստատություններում և ձերբակալված անձանց կացության վայրերում, ինչպես նաև վերապատրաստում անցնող ապագա հասարակական դիտորդները հավաքվել են Ծաղկաձորում՝ մասնակցելու ուսումնական դասընթացներին, որոնք կազմակերպել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և «Բաց հասարակության ինստիտուտի» հայկական բաժանմունքի, Մարդու իրավունքների և դրամաշնորհների վերահսկման բուդապեշտյան ծրագրի, «Առողջապահություն և իրավունք» նյույորքյան նախաձեռնության հետ համագործակցությամբ:

«Ազատազրկման վայրերի մոնիտորինգը դատապարտյալների առողջության իրավունքների պաշտպանության լավագույն գործիքն է», - կարծում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Նրա խոսքերով, հասարակական դիտորդների խումբը, ինչպես նաև քրեակատարողական հաստատությունների պատասխանատու մարմինները պետք է համապատասխան ուշադրություն դարձնեն առողջության իրավունքների բոլոր տարրերի վրա, այդ թվում նաև բուժծառայություններից օգտվելուն, համապատասխան խնամքին, հիվանդի համաձայնությանը, բժշկական գաղտնիքին և բուժաշխատողների մասնագիտական որակներին վերաբերող հարցերի վրա:

«Մենք համոզված ենք, որ այս դասընթացները կուժեղացնեն հասարակական դիտորդների մասնագիտական հմտությունները և խթան կհանդիսանան՝ համապատասխանեցնելու քրեակատարողական հաստատություններում պայմաններն ու վարքագիծը մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների հետ», - ասել է Կապինոսը:

Ուսումնական ծրագրի ընթացքում միջազգային և տեղական մասնագետներն անցկացրել են դասընթացներ, որոնք վերաբերում են աշխարհում ընդունված առողջության իրավունքի չափանիշներին:

Ծրագրի մասնակիցներն այցելել են քրեակատարողական հաստատություններ և ձերբակալված անձանց կացության վայրեր՝ դատապարտյալների կացության պայմանները դիտարկելու նպատակով:

«Ուսումնական ծրագրի նպատակն է կատարելագործել դիտորդների մասնագիտական հմտությունները, փոխանցել դատապարտյալների առողջության իրավունքի պաշտպանության միջազգային փորձին վերաբերող գիտելիքներ, խթանել առավել արդյունավետ դիտարկում», - ասաց քրեակատարողական հաստատություններում հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արման Դանիելյանը:

Քրեակատարողական հաստատություններում մարդու իրավունքի մոնիտորինգի սկբունքներին վերաբերող նմանատիպ հնգօրյա ծրագիր կկազմակերպվի նաև հոկտեմբերին, իսկ ծրագրի մասնակիցների թվից կընտրվեն քրեակատարողական հաստատությունների դիտարկման հասարակական մոնիտորինգային խմբի նոր անդամներ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցել է քրեակատարողական հաստատություններում և ձերբակալված անձանց կացության վայրերում հասարակական մոնիտորինգին՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեության շրջանակներում:-0-