Հայաստանը չի մասնակցի Nabucco նախագծին. եվրահանձնակատար
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Nabucco գազատարի շինարարության նախագծին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
բանակցություններ չեն տարվում, երեքշաբթի հայտարարեց էներգետիկայի հարցերով եվրահանձանակատար Անդրիս Պիեբալգսը Gas Infrastructure World Caspian-2009 («Կասպից տարածաշրջանի գազային ենթակառուցվածք») միջազգային խորհրդաժողովի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հայաստանը չի մասնակցելու Nabucco տարածաշրջանային նախագծին։ Մասնակից-երկրների ցուցակում այդ երկիրը չկա»,-ասաց Պիեբալգսը, ում խոսքերը մեջբերում է «Նովոստի-Ազերբայջան» գործակալությունը:
Nabucco-ն 3,3 հազար կիլոմետր երկարությամբ՝ շրջանցելով Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով դեպի ԵՄ երկրներ տանող նախագծվող գազատարն է: Դրա ենթադրվող հզորությունը տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր գազ է, նախագծի արժեքը գնահատվում է 7,9 միլիարդ եվրո:
Սեպտեմբերի սկզբին թուրքական Star թերթը գրել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնությանը նպաստող Եվրամիությունը կամենում է փոխել Nabucco-ի երթուղին՝ տարանցիկ երկիր դարձնելով ոչ թե Վրաստանը, այլ Հայաստանը: -0-