Երևանում հանրակացարանի հարակից տարածքում բռնկված հրդեհի հետևանքով ինքնաշեն տնակ է այրվել
«Նոր Նորք» հանրակացարանի հարակից տարածքում բռնկված հրդեհի հետևանքով ինքնաշեն տնակ է այրվել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայության տեղեկատվության և կապի բաժնից:
««Նոր Նորք» հանրակացարանի հարակից տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտակայքում գտնվող 30 քմ մակերեսով ինքնաշեն տնակը», - ասվում է տեղեկատվության մեջ:
Հրդեհը հաջողվել է մարել ահազանգը ստանալուց մոտավորապես մեկուկես ժամ անց: Տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մարել է առավոտյան ժամը 06:27-ին:
Բացի այդ, նախօրեին Կոմիտաս փողոցում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 600 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Հրդեհը հաջողվել է մարել ժամը 14:03-ին, ահազանգը ստանալուց գրեթե մեկ ժամ անց:-0-