Հայկական կողմը հստակ ձևակերպել է իր մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում

29.07.2009, 13:48
Հայկական կողմը հստակ ձևակերպել է իր մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում
Հայկական կողմը հստակ ձևակերպել է իր մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում

Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցի վերաբերյալ վկայում է այն մասին, որ հայկական կողմը հստակ ձևակերպել է իր մոտեցումներն այդ հարցում, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

Նախօրեին համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կընդունի Թուրքիա այցելելու հրավերը միայն Հայաստանի և Թուրքիայի միջև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն ուղղված իրական քայլերի առկայության դեպքում: «Այսինքն` ես կայցելեմ Թուրքիա, եթե մենք ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»,- ասել է Սարգսյանը:

«Հայկական կողմը հստակ ձևակերպել է իր մոտեցումը, որը տարբերակում է իմիտացիոն կամ ֆոնային քայլերն իրական գործընթացից»,- ասաց Բեքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ունեցած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով՝ թուրքական դիվանագիտության մոտեցումները, հատկապես՝ ֆոնը իրական գործողությունների հետ խառնելու փորձերը, եղել են, կան և կլինեն:

Մասնավորապես, նա հիշեցրեց Անկարայի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ Աղթամար կղզում (Թուրքիայի տարածքում) գտնվող հայկական եկեղեցին կգործի, դրա գմբեթին կկանգնեցվի խաչ, և դա բարի կամքի քայլ է։

«Հայաստանի նախագահի երեկ արած հայտարարությունն ուղղակիորեն ամրագրում է հետևյալը՝ որքան էլ մենք ողջունենք նմանատիպ քայլերը, բայց փորձել դրանով փոխարինել պայմանավորվածությունները՝ ստեղծելով որոշակի իմիտացիոն ֆոն, թուրքական կողմին դժվար թե հաջողվի»,- ասաց Բեքարյանը։

Նրա խոսքերով՝ երբեք ֆոնը չի կարող փոխարինել իրական գործընթացը։ «Հայկական կողմը հստակ հայտարարում է, որ կիսախաբուսիկ, կիսաֆոնային, կիսաքարոզչական, կիսաիմիտացիոն քայլերը չեն կարող փախարինել իրական գործընթացը»,- նշեց փորձագետը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-