Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա. Շվեդիայի ԱԳՆ ղեկավար

20.07.2009, 19:08
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա. Շվեդիայի ԱԳՆ ղեկավար

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա, երկուշաբթի Երևանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը (Carl Bildt)։

«Կողմերին անհրաժեշտ է հաղթահարել մնացած հնարավոր խոչընդոտները։ Ես խորապես համոզված եմ, որ դա տեղի կունենա, և Եվրամիությունը բոլոր ջանքերը կգործադրի այդ գործընթացին օժանդակելու համար, քանի որ դա բավական լուրջ քայլ է համարում և կոչ է անում կողմերին գնալ այդ քայլին»,- ասաց Բիլդտը։

Նա նշեց, որ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի և Թուրքիայի միջև բխում է ոչ միայն Երևանի, այլ նաև ողջ տարածաշրջանի շահերից։

Դիվանագետը նաև դրական գնահատեց համատեղ կառավարական հանձնաժողովների ստեղծման հնարավորությունը, որոնք լավ գործիք կհանդիսանան և կկարողանան դրական դեր խաղալ այդ ցավոտ հարցի լուծման գործում՝ դրանով իսկ աջակցություն ցուցաբերելով ողջ գործընթացին։

Ինչ վերաբերում է հակամարտության շուտափույթ կարգավորման համար Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հնարավորությանը, ապա, ըստ նրա, դա խնդրի կարգավորման ամենալավ ձևը չէ։

«Չեմ կարծում, թե անհրաժեշտ է ճնշում գործադրել կողմերից մեկի վրա, քանի որ բարդությունները հնարավոր չէ հաղթահարել ճնշման միջոցով, դրանք անհրաժեշտ է լուծել երկխոսության և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու միջոցով։ Ճնշումների միջոցով կարելի է ստիպել՝ չկամենալով գնալ որևէ զիջումների, բայց դրանք չեն կարող երկարաժամկետ լինել»,- ասաց Բիլդտը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:-0-