ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Երկուստեք շեշտվել է, որ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը պարտադիր պայման է, քանի որ առանց Արցախի համաձայնության հնարավոր չէ իրականացնել որևէ որոշում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, և նրա անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն քննարկման:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-