Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը նախօրեին մասնակցել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են կրոնական կազմակերպությունների կարևոր խնդիրները:
Ինչպես հաղորդում է analitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը, վարչապետը խոստացել է հաջորդ շաբաթ Գերագույն Ռադային ներկայացնել պաշտամունքային կառույցները եկեղեցիներին վերադարձնելու մասին օրինագիծը:
«Մենք մշակել ենք և հաջորդ շաբաթ խորհրդարանին կներկայացնենք պաշտամունքային կառույցները վերադարձնելու մասին հատուկ օրինագիծը», - ասել է Տիմոշենկոն:
Միաժամանակ վարչապետը տեղեկացրել է, որ վերջին տարվա ընթացքում եկեղեցիներին է փոխանցվել շուրջ 200 պաշտամունքային կառույց: Սակայն, նրա խոսքերով, այժմ անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել պաշտամունքային կառույցները կրոնական կազմակերպություններին և միավորումներին վերադարձնելու սկզբունքները:
Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը Յուլիա Տիմոշենկոյին է ներկայացրել Ուկրաինայում հայկական եկեղեցու խնդիրները:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Տիմոշենկոն խոստացել է աջակցել երկրի բոլոր կրոնական համայնքների կուտակված խնդիրների լուծման գործում:-0-