Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև առկա ատելության և անվստահության մթնոլորտը հնարավոր է հաղթահարել մոտ ժամանակում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Internatinal Alert բրիտանական կազմակերպության «Եվրասիայի վերաբերյալ ծրագրի» նախագծերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան: «Ես չեմ կասկածում, որ դա տեղի կունենա, բարդ կլինի, բայց դա «գերբնական աշխատանք» չէ»- հայտարարեց Ռուսանովան:
Նրա խոսքով, այլ տարածաշրջանների պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է՝ անգամ Կովկասյան յուրահատկությունը հաշվի առնելու դեպքում: Այս կապակցությամբ փորձագետը հիշեց հայկական հայտնի ասացվածքը. «Լավ հարևանը լավ բարեկամից լավ է»:
Նրա խոսքով, թշնամու կերպարը կառուցվում է տարբեր մակարդակներով՝ սկսած պատմության դասագրքերից: Ռուսանովան միաժամանակ ավելացրեց, որ թեպետ Հայաստանում ատելության պաշտոնական քարոզչություն չի անցկացվում, սակայն «այստեղ էլ երբեմն արհեստականորեն թշնամու կերպար է ստեղծվում»:
Նրա խոսքով, ատելության դեմ պայքարի լավագույն միջոցը երկու ժողովրդի ներկայացուցիչների շփումն է: Ռուսանովան նշեց, որ եթե խոսքը վերաբերում է ժողովրդին ընդհանուր առմամբ, թե ադրբեջանցիները, թե հայերը երբեմն ագրեսիա են դրսևորում, սակայն երբ խոսքը կոնկրետ մարդկանց է վերաբերում, նրանք միայն իրենց շփման հաճելի պահերն են հիշում:
Այս կապակցությամբ փորձագետը հայտնեց, որ հուլիսի վերջին Մոսկվայում կանցկացվի Internatinal Alert-ի կազմակերպած չորրորդ համաժողովը՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակը երկու ժողովրդի միջև դրական միջավայր և վստահություն ստեղծելն է:
Internatinal Alert-ը ՄԱԿ-ին առընթեր խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական խաղաղապահական միջազգային կազմակերպություն է:-0-