ՀՀ կառավարությունը հաստատել է ռուսական վարկի միջոցներով 90 մլրդ դրամ արժողությամբ տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը

26.06.2009, 17:48
ՀՀ կառավարությունը հաստատել է ռուսական վարկի միջոցներով 90 մլրդ դրամ արժողությամբ տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է ռուսական վարկի միջոցներով 90 մլրդ դրամ արժողությամբ տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունն ուրբաթ Կապան քաղաքում արտագնա նիստի ժամանակ հաստատել է ռուսական վարկի միջոցներով 90 մլրդ դրամ (25, մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը։ 

«Ծրագիրը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի  պայմաններում տնտեսվարող  սուբյեկտների  վարկային  պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ուրբաթ հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

Ծրագրի գումարն է 90 մլրդ դրամ, ֆինանսավորման ձևը` բյուջետային վարկեր, որոնք տրվում են ըստ հետևյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի   վարկավորում` 60,5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր  ենթակառուցվածքների  գործունեությունն  ապահովող  տնտեսվարող  սուբյեկտների  վարկավորում` 23,1 մլրդ դրամ:

Վարչապետ  Տիգրան Սարգսյանն այս առիթով ասել է, որ օրը նշանակալի է ոչ միայն  կառավարության  նիստը Սյունիքի մարզում անցկացնելու և տեղի հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումներ կայացնելու, այլև երկրի տնտեսության տարբեր  ոլորտներին մեծ գումարներ հատկացնելու իրողությամբ: Նա հավելել է, որ ահա այժմ  էլ 90 մլրդ դրամ է բաշխվում` մեղմելու ճգնաժամի բացասական հետևանքները։

«Հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ վարկի օգտագործմանը, և այժմ մենք կարող ենք տեղեկացնել, որ ևս 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի  գոտուն, նույնքան` աղետի գոտուն, բայց  եկող  տարվա  համար: Մնացած գումարը մնալու  է կայունացման ֆոնդում»,-  եզրափակել է  վարչապետը:

Ռուսական կողմը հունիսի 12-ին մեկ տրանշով Կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկի միջոցները:

ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով:- 0--