Հայաստանի և հայության դերն ու առաքելությունը տարածաշրջանում, հնարավոր է, կայանում է քաղաքակրթությունների երկխոսությանն աջակցելու մեջ, ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ապագան քաղաքակրթությունների բախումը չէ, այլ դրանց երկխոսությունը: Այնպես է ստացվել, որ երկար դարերի ընթացքում Հայաստանը, զուտ աշխարհաքաղաքական և աշխարհագրական տեսակետից, գտնվել է այնպիսի կետում, որը նպաստել է, որ մենք պատմականորեն մշտապես քայլենք երկխոսության ճանապարհով», - ասաց նա երկուշաբթի «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային կոնֆերանսի շրջանակներում զեկույցը ներկայացնելիս:
Այս կապակցությամբ Քոչարյանը պարզաբանեց, որ երկրների միջև հարաբերությունները կարող են նորմալ, արդյունավետ և ռազմավարական լինել այն դեպքում, եթե հարգանք կա գործընկերոջ մշակութային-քաղաքակրթական ինքնաբավարարման նկատմամբ:
«Մենք դիտարկում ենք Ռուսաստանը՝ որպես մշակութային-քաղաքակիրթ ինքնաբավ երկիր, և հարցն այն է, որ մենք պետք է հարգենք յուրաքանչյուր երկրի ընտրությունը: Եվ դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև մեր բոլոր գործընկերներին», - ընդծգեց նա՝ ավելացնելով, որ այս հարգանքը ենթադրում է փոխադարձություն:
ՀՀ ԱԳ փոխնախարարի խոսքերով, նման մոտեցումը նշանակում է, որ նման դասավորվածության դեպքում հարաբերություններ կառուցելիս անհրաժեշտ չէ փնտրել հակասություններ տարբեր ակտորների միջև և օգտագործել դրանք սեփական նպատակների համար, այլ ճիշտ հակառակը:
«Դա նշանակում է, որ դու փնտրում ես որևէ ընդհանուր բան, որը կարող է մերձեցնել և ձգտում ես տարածաշրջանային նախագծերում շահագրգիռ խաղացողների ներգրավմանը: Հենց նման ուղու ենք մենք փորձում հետևել», - ասաց Քոչարյանը:
Միաժամանակ դիվանագետն ավելացրեց, որ մշակութային-քաղաքակթական ինքնաբավությունը պետք է ընդունվի որպես երկխոսության համար անհրաժեշտ պայման:-0-