Բարձրաստիճան հայ պաշտոնյաներն առանց ամառային երկարատև արձակուրդի կմնան. վարչապետ

18.06.2009, 14:13
Բարձրաստիճան հայ պաշտոնյաներն առանց ամառային երկարատև արձակուրդի կմնան. վարչապետ
Բարձրաստիճան հայ պաշտոնյաներն առանց ամառային երկարատև արձակուրդի կմնան. վարչապետ

Բարձրաստիճան պաշտոնյաներն այս ամառ երկարատև արձակուրդի գնալու իրավունք չունեն, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այժմ բարձրաստիճան պաշտոնյաններն արձակուրդի դիմումներ են գրում, և ինձ զարմացնում է այն, որ բոլորը դիմումները գրում են մեկ ամսով արձակուրդ տրամադրելու մասին: Այնպիսի տպավորություն է, որ որևէ արտառոց բան տեղի չի ունենում, և մենք չենք գտնվում ծանր պայմաններում, արդեն հաղթահարել ենք տնտեսական և ֆինանսական ճգնաժամը, և ՀՀ կառավարությանը ծանր աշխատանք չի սպասվում: Նման մոտեցումն անընդունելի է», - հայտարարեց վարչապետը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ:

Սարգսյանն ընդգծեց, որ եթե բարձրաստիճան պաշտոնյաներն այս ամառ արձակուրդ գնան, ապա այն կլինի կարճատև և կանցնի բացառապես Հայաստանում:

«Խնդրում եմ չներկայացնել դիմումներ մեկ ամսով արձակուրդ տրամադրելու մասին: Փոխանցեք ձեր տեղակալներին և վարչությունների ղեկավարներին, որ այս տարի նրանք մեկամսյա արձակուրդ չեն ստանա», - նախարարներին դիմեց ՀՀ վարչապետը:

Վարչապետն ասաց, որ նախարարների կաբինետն ամառային սեզոնը պետք է գնահատի՝ որպես լարված աշխատանքի ամիս: «Մենք իրավունք չունենք ասելու, որ կառավարության համար սկսվել է հանգստի փուլը, ընդհակառակը՝ մեզ համար սկսվում է ամենաբարդ աշխատանքը: Եթե մենք կարողանանք ղեկավարվել այս սկզբունքով, ապա տարեվերջին դրական արդյունքներ կտեսնենք», - ընդգծեց ՀՀ վարչապետը:

Սարգսյանի խոսքերով, Հայաստանի տնտեսական ցուցանիշներն այս տարի բարենպաստ չեն, իսկ 2009թ.-ը կառավարության համար ամենադժվարին տարին է, որը պետք է ակտիվ աշխատանք իրականացնի իրավիճակը շտկելու համար:

Միաժամանակ վարչապետը նշեց, որ Հայաստանում տնտեսական անկումը որոշակի աստիճանով պայմանավորված է նաև տեխնիկական ռեցեսիայով, քանի որ 2008 թ.-ի առաջին վեց ամսում տնտեսական աճի բարձր տեմպեր են գրանցվել:

«Սակայն մենք չպետք է բավարարվենք նման բացատրություններով և պարտավոր ենք շարունակել աշխատանքը», - հայտարարեց Սարգսյանը:

2009 թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայկական տնտեսության մեջ 9,7 տոկոսանոց անկում գրանցվել է՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով կազմել է 638939,3 միլիոն դրամ, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատոր ցուցանիշը ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 101,8 տոկոս:-0-