ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումն աջակցում են միմյանց, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը։
«Երկու գործընթաց՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումն աջակցում են միմյանց։ Միշտ կարելի է առանձին հայտարարություններ անել, որոնք կարող են խոչընդոտել կամ աջակցել կարգավորմանը, բայց ողջ գործընթացն ամբողջությամբ կարելի է գնահատել դրական»,- ասաց Լենմարկերը։
Նա նշեց, որ ներկա է եղել Երևանում 2008 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ֆուտբոլային խաղին։
«Կարծում եմ, որ ֆուտբոլային հանդիպումն իրականում շատ լավ պահ էր ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի համար, այդ հնարավորությունը վկայում է այն մասին, որ ավանդական և վիճելի հարցերը կարող են լուծում ունենալ»,- ասաց Լենմարկերը։ -0-