«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնարարքները և պահանջում խստորեն դատապարտել մեղավորներին

07.05.2009, 18:34
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնարարքները և պահանջում խստորեն դատապարտել մեղավորներին

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի եւ “Armenia Today” լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ իրականացված բռնարարքները, ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ:

«Ազատ խոսքի և այլընտրանքային հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ ցայսօր անարգել շարունակվող ոտնձգությունները, դրանք պարտակելու ակնհայտ վարքագիծը վկայում են, որ իշխանությունների կողմից լռելյայն խրախուսվում են երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտը և իրավական կամայականությունները զանգվածային տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» փոխանցված՝ «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ :

«Ժառանգությունը» իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ բացահայտել և օրենքի ողջ խստությամբ պատժել հանցագործներին: --0—