Հայաստանում ձերբակալվել են ընդդիմության հանրահավաքի 15 մասնակիցներ. Գլխավոր դատախազություն

03.03.2008, 15:56
Հայաստանում ձերբակալվել են ընդդիմության հանրահավաքի 15 մասնակիցներ. Գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իրավապահ մարմինները մարտի 2-ին՝ գիշերը ժամը 01.00-ին ձերբակալել են Երևանում տեղի ունեցած հանրահավաքի 15 մասնակիցների, «Նովոստի-Արմենիային» հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Տռուզյանը նշել է, որ ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Արտակ Սարգսյանը, Լևիկ Խաչատրյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Դավիթ Առաքելյանը, Վարդգես Վայոցյանը, Մասիս Այվազյանը, Աշոտ Մանուկյանը, Դավիթ Մաթևոսյանը, Պետրոս Շահբազյանը, Տիգրան Բաղդասարյանը, Հովհաննես Ղազարյանը, Սամվել Հարությունյանը, Իսահակ Մալխասյանը, Խաչիկ Գասպարյանը և Ավետիք Ներսիսյանը։  

Նրա խոսքերով, նշված անձինք ձերբակալվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու և իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։

«Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի  225-րդ հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ»,- ասաց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

Նա նշել է, որ նախաքննությունը շարունակվում է։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպած և դրանց իրականացմանը այլ  քաղաքացիներին ներգրաված, իրենց պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր  անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Շաբաթ առավոտյան ՀՀ ոստիկանությունը Երևանի կենտրոնից՝ Ազատության հրապարակից ցրել է ՀՀ նախկին նախագահ, ընդդիմադիր գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքը։ Հանրահավաքը ցրելուց հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք, որտեղ էլ տեղի է ունեցել ընդհարումը ոստիկանության և Հատուկ նշանակության ջոկատի հետ։

Մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն  հայտարարելու մասին՝ հասարակական կարգին և քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին սպառնացող վտանգը կանխելու նպատակով։ --0--