Երևանի ընտրական տեղամասերից մեկում վիճաբանություն է բռնկվել

19.02.2008, 14:42
Երևանի ընտրական տեղամասերից մեկում վիճաբանություն է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ընտրական տեղամասերից մեկում Հայաստանի նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի  նախընտրական շտաբից, թիվ 8/8 տեղամասում ընտրական քվեաթերթիկը դուրս բերելու փորձի կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահի և թեկնածուների որոշ վստահված անձանց միջև։

Ոստիկանության աշխատակիցների միջնորդությունից հետո միջադեպը հարթվել է։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-